«Լյարդի փաթեթ. լյարդի մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային հետազոտություն Ջովաննայի հետ» համաժողովին մասնակցելու նպատակով վերջերս Իտալիայից Հայաստան էր ժամանել հայտնի բժիշկ, գիտնական Ջովաննա Ֆերայոլին։
Ռադիոլոգների, գաստրոէնտերոլոգների և լյարդաբանների համար կազմակերպված կոնֆերանսին զեկուցումով հանդես եկավ նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Դիագնոստիկ-ախտորոշիչ ծառայության ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Արմինե Պողոսյանը։ Նա խոսեց լյարդի մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային հետազոտությունների շրջանակում անոթային դոպլերի մոտեցումների մասին։
Ի դեպ, մինչ կոնֆերանսը Ջովաննա Ֆերայոլին հյուրընկալվել էր «Միքայելյան» հիվանդանոցում, ծանոթացել առաջարկվող «Լյարդի փաթեթին», ուսումնասիրել կատարված հետազոտությունները, ինչպես նաեւ տեղում ծանոթացել Արմինե Պողոսյանի աշխատելաոճին, փորձի փոխանակում իրականացրել։
Դիագնոստիկ ծառայության ղեկավարն ասաց, որ հայտնի բժիշկը հեռացել է գոհունակությամբ՝ կատարված հետազոտությունների բարդությունը և ճշգրտությունը տեսնելով։
Նշենք, որ Ջովաննա Ֆերայոլին Իտալիայի Պավիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտաշխատող է։ Նա եղել է աշխարհի առաջին գիտական ծրագրերից մեկի ակտիվ մասնակիցը պորտալ հիպերտենզիայի ոչ ինվազիվ դոպլերային գնահատման ոլորտում՝ պրոֆեսոր Քենեթ Թեյլորի ղեկավարությամբ Յելի համալսարանում։ Ջովաննա Ֆերայոլին ավելի քան 40 միջազգային ամսագրերի համախմբագիր է և ընդգրկված է մի շարք հեղինակավոր գիտական պարբերականների խորհուրդներում։
.png)